ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան.«Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»:
—-
Անկեղծորեն չգիտեմ, թե պատերազմից հետո՝ ով, ինչպես է մշակում, ուրվագծում Հայաստանի արտաքին քաղաքական կոնցեպտը։ Մենք այսպես կարող ենք նոր արհավիրք հրահրել մեր պետության գլխին։ Մի կողմից խոսում ենք, որ պատերազմի ընթացքում Թուրքիան թիրախավորել է Հայաստանի տարածքը, մյուս կողմից այսպիսի չմտածված տեքստեր ենք արտաբերում։ Հասկանում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ում տկարամիտներ են, բավարար կարողություններ չկան հասկանալու, որ Հրվ․ Կովկասում ռուս-թուրքական ներկայությունը, աշխատանքները ամբողջությամբ համաձայնեցված և ներդաշնակեցված են։
Անկարայի հետ ինչ որ պահից աշխատելու, խոսելու փոխարեն որոշել եք երրորդ երկրի դրդմամբ հայտնվել Թուրքիայի երախում։ Ադրբեջանի հետ պատերազմը չի ավարտվել, Հայաստանից հնչած պատերազմը հրահրող տեքստերը չեն մոռացվել։
Սա չի կարելի հանդուրժել, չի կարելի թույլ տալ։ Թուրքիան արդեն տարածաշրջանում է, և այստեղ է հայտնվել մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի ջանքերով ու նրա համաձայնությամբ։ Սրա հետ մենք չենք կարող հաշվի չնստել։ Ադրբեջանի հետ պատերազմը չմարսած, նոր արհավիրք եք բերում Հայաստանի գլխին։
Սկսեք ինտենսիվ կարգի բերել Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ հարաբերությունները։ Բալանսավորեք մեր արտաքին քաղաքականությունը, նոր սկսեք խոսել տարածաշրջանում Թուրքիայի կործանարար քաղաքականությունից։
Անջատեք այս կինոն, դադարեցրեք այս մղձավանջը»։