Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են: Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են:

Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը խորքային արմատներով: Օրինակ՝ Արցախի հետ կապված՝ Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումներն այն մասին, որ հայերը մզկիթներում պահում են կովեր ու խոզեր, պղծում են ադրբեջանական կրոնական հուշարձանները: Կամ կեղծ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն արժեքներ չունեցող երկիր է, որ արհեստականորեն ստեղծված է ադրբեջանական հողերի վրա:

Ադրբեջանական զինծառայողների վարքագիծն ու խոսքը իրենց իսկ կատարած ու հետո նկարահանած դաժանությունների տեսանյութերում հենց դա է հաստատում. նրանք վերժխնդիր են լինում, հագեցնում են արյան ծարավը և այլն՝ ակնհայտ իմանալով որ ոչ միայն մնալու են անպատիժ, այլ արժանանալու են իշխանական ու հասարակական մեծ գովասանքի:

Այսինքն՝ հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ ընդ որում, հաճախ երեխաների հատուկ թիրախավորմամբ:

Վաղը կհրապարակենք կոնկրետ ու օբյեկտիվ ապացույցներով այս ամենը հիմնավորող, հատուկ սկզբունքով կազմված ծավալուն զեկույց՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել