Անձի մասին արատավորող տեղեկություններն արժե՞ին 3000 ՀՀ դրամ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը մարված Յուրիկ Օ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Յորիկ Օ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, քաղաքացի Արշավիր Գ.-ի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելով, նրանից շորթել է 3000 ՀՀ դրամ:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում էր Սյունիքի մարզի դատախազության կողմից:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի`

1. Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Շորթումը, որը կատարվել է՝
1) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
3.1) խոշոր չափերով,
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Շորթումը, որը կատարվել է՝
1) անզգուշությամբ մահ կամ այլ ծանր հետևանքներ պատճառելով,
2) առանձնապես խոշոր չափերով,
3) կազմակերպված խմբի կողմից,
4) առողջությանը ծանր վնաս պատճառելով`
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել