Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հայտարարություն
Դատապարտում ենք, դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում Հայաստանի վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում է պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները։
Սա աննախադեպ ոտնձգություն է մարդու և ընտանեկան կյանքի իրավունքի, անձնական տարածքի նկատմամբ, ինչը ժողովրդավարական պետությունում չի կարող համարվել քաղաքական պայքարի բարոյական միջոց։
Շուրջ քսանամյա քաղաքական պայքարի ընթացքում որևէ անգամ ընդդիմության կողմից փորձ չի արվել ժողովրդին ուղղորդել դեպի կառավարական ամառանոց, այլ միայն՝ պաշտոնյայի աշխատավայր։ Նույնիսկ 2018 թվականի ապրիլին սեփական նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների տների մոտ ձեռնարկված անթույլատրելի գործողությունները հավանության չարժանացան հավաքների կազմակերպիչների կողմից։
Տեղի ունեցածը կրկնակի մտահոգիչ է այն տեղեկությունների համատեքստում, որ այսօրվա հավաքի և երթի կազմակերպիչներից շատերի համախոհներն էին նոյեմբերի 9-ի լույս 10-ի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծը, կառավարությունում և Ազգային ժողովում ջարդարարություն իրականացնողները:
Վճռականորեն դատապարտում և անթույլատրելի է համարում նման անթույլատրելի նախադեպի ձևավորումը։ Հռչակված նպատակին հասնելու միջոցները պետք է մնան բացառապես քաղաքական, միևնույն ժամանակ զսպվածության և բարոյականության սահմաններում։
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմին»։