Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կռվի ամենաթեժ կետերից մեկում՝ Կարմիր շուկայի հատվածում, հոկտեմբերի 28-ին Տիգրան Ավագյանը բուժանձնակազմի հետ մարտադաշտից ութ զինվորի է տեղափոխել, շատապելով փրկել մյուսիներին՝ հայտնվել է թշնամու կրակի տակ, անավարտ թողնելով բժշկի առաքելությունը, որը սկսել էր պատերազմի մեկնարկից ավելի քան մեկ ամիս առաջ:
Ռազմաճակատ օգնության շտապող բժիշկը վիրավոր զինվորի համար փրկության հույս է:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, ռազմական բժիշկ Տիգրան Ավագյանն այն նվիրյալներից, որը որպես օրինակ ծառայելու է այս մասնագիտությունն ընտրած ներկա ու գալիք սերունդներին:
Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ, երբ թեժ մարտեր էին ընթանում սահմանի ողջ երկայնքով, Տիգրան Ավագյանը՝ բժշկի կոչմանը հավատարիմ՝ փրկում էր հայրենիքի համար մարտնչող ռազմիկների կյանքերը:
Անտեսելով պատերազմի սաստկությունը, հաճախ վիրավորներ տեղափոխելու անհնարինությունը՝ Տիգրանին հաջողվում է օգնության հասնել տասնյակ զինվորների՝ առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո առաջնագծի թեժ կետերից նրանց տեղափոխելով փրկել կյանքեր:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի խոսքով՝ Տիգրան Ավագյանը մարդկային բարձր հատկանիշներով օժտված, գրագետ և պատրաստված ռազմական բժիշկ էր: «Տիգրանը պատերազմի սկզբից՝ շուրջ մեկ ամիս, հարավային սահմանից՝ Հադրութից Ջրական(Ջաբրայիլ) շարունակ տեղափոխել է վիրավորված զինվորներին՝ փրկելով բազմաթիվ կյանքեր»,- նշում է ռազմաբժշկական ֆակուլտետի պետը:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարությունը շարունակում է զանգեր ստանալ փրկված զինվորների հարզատներից, որոնք ցանկանում են հարգանքի տուրք մատուցել իրենց որդիներին նոր կյանք պարգևած ռազմական բժիշկներին՝ մասնակցելով նրանց հոգեհանգստներին, ինչպես նաև այցելով անմահացած բժիշկ-հերոսների շիրիմներին:
Հավատարիմ մնալով զինվորական և բժշկի երդմանը՝ Տիգրան Ավագյանը կատարեց հայրենիքի և ընտրած մասնագիտության առաջ իր պարտքը՝ երախտապարտ թողնելով ազգին, իր կողմից փրկված զինվորներին ու նրանց հարազատներին»: