ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա. Մելքոնյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, իսկ Ա. Մելքոնյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` 07.03.2011թ. թիվ ԱԳ 236259 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, դիմելով դատարան, հայտնել էր, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 07.03.2011թ. որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի՝ տուգանքի 3.000 դրամի չափով, որը, համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի, հնգապատկվել է և կազմում է 15.000 դրամ։
Ա. Մելքոնյանը դատարան ներկայացված հակընդդեմ հայցով հայտնել է, որ վիճարկվող որոշումն իրավաչափ չէ: 2011 թվականի մարտի 7-ին ավտոմեքենայով երթևեկել է Կոմիաս պողոտայով։ Իր վարած ավտոմեքենան կանգնեցվել է ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից։ Վերջինս պատճառաբանել է, որ չթուլատրվող վայրում իրականացրել է շրջադարձ։ Արդյունքում ոստիկանության աշխատողն արձանագրել է ենթադրյալ իրավախախտման փաստ և վիճարկվող որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանքի տեսքով։ Մինչդեռ, իրականում որևէ խախտում թույլ չի տվել։ Դրա վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, թերևս չի էլ կարող լինել, քանի որ որևէ խախտում թույլ չի տրվել իր կողմից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ 07.03.2011թ. արձանագրությամբ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից արձանագրվել է, որ «Երթևեկությունը ըստ գոտիների երթևեկող միայն ուղիղ նշանի գոտուց կատարեց հետադարձ»։
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ իրավախախտումը հաստատող ապացույցը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն է։
Դատարանն ապացուցված է համարել, որ վարչական վարույթի ընթացքում չի պահպանվել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգը, քանի որ վարչական իրավախախտման գործը քննելիս՝ վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված գործի հանգամանքների համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, այսինքն, իրավախախտման կազմի բացակայության պայմաններում անձին ենթարկել է վարչական պատասխանատվության։
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել, իսկ Ա. Մելքոնյանը հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության`07.03.2011թ. թիվ ԱԳ 236259 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել:
Աղբյուրը` Իրավաբան.net