Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան։ Խորհրդի նախագահի և անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:
Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից:
Խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի:
Խորհրդի գործունեության մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկության ներկայացումը հիմնադրին:
Բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան և լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները ևբարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
Գիտական խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:
Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ընտրվում է ուսումնական հաստատության խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:
Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:
Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի), ամբիոնի վարիչի պաշտոնները ընտրովի են, որոնց ընտրության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է վարչական և գիտամանկավարժական աշխատանք, ամբիոնի վարիչի գործունեությունը` գիտամանկավարժական:
Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչև խորհրդի ձևավորումըբարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները մշակում և հաստատում են հնգամյա կրթական ռազմավարական ծրագրեր: Ռազմավարական ծրագրով սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական նպատակները, դրանց հասնելու միջոցառումների ցանկը: Ռազմավարական ծրագիրը հաստատում է խորհուրդը:
Ռազմավարական ծրագիրը լիազորված մարմնի կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմնական ծրագրային փաստաթուղթն է:
Աղբյուրը` Իրավաբան.net