Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Դավիթ Գ.-ի:
Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով ժամկետային զինծառայության մեջ` ՀՀ ՊՆ X զորամասում 11.01.2013թ.` ժամը 20:00-ի սահմաններում, նույն զորամասի 1-ին գումարտակի վարչական շենքում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն տալու համար, գիտակցելով, որ իր տված տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ՊՆ Սևանի կայազորի Վարդենիսի ՌՈ բաժնի Քելբաջարի բաժանմումքի աշխատակիցներին հաղորդում, բացատրություն է տվել այն մասին, որ 10.01.2013թ.` ժամը 15:30-ի սահմաններում, մայոր Ա.Խաչատրյանը չնախատեսված վայրում գտնվելու համար ոտքով հարվածել է իրեն, ապա հերքել է այդ հանգամանքը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net