Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
Ֆրանսիայի արտգործնախարարը շնորհավորեց Արա Այվազյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։
ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումների և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ։ Անդրադարձ կատարվեց Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանը այդ առնչությամբ կարևորեց միջազգային հանրության ներգրավվածությունն արցախահայության բնականոն կենսագործունեության վերականգման համար պայմանների ապահովման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքներին:
Երկուստեք ընդգծվեց Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առաջնայնությունը։
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցությունն արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրման գործում: