Տխրահռչակ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե ինչու՞ է ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հայտնի հայտարարությունը։

«Շատերը ժամանակի տրամաբանության բերումով հնարավոր է հարց հնչեցնեն՝ իսկ ինչու՞ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ։ Խնդիրը հետևյալն է, որ ըստ էության, հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն։

Փաստացի՝ լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, ԶՈՒ-ի առջև, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի։

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը և այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։ Բայց քսանհինգ հազար զինվորի կյանքն ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար։ Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին։ Թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա։ Եվ, ուրեմն, եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով։ Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ։

Ընդ որում՝ այս իրավիճակում և պայմաններում հարցն արդեն ոչ թե օրերի և շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր։ Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր տասը, քսան, քսանհինգ հազար զինվերների զոհվելով կամ գերեվարությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել