Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը գտնվող ահաբեկիչները պետք է հեռացվեն. ՄԱԿ-ի զեկույցը

«Լուրերի» փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները նշել են, որ նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնությունը վերջ կդնի ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և հույս ունեն, որ դա կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում: Այնուամենայնիվ, նրանց մտահոգում է մինչև այս համաձայնության ձեռքբերումը վարձկանների օգտագործումը հակամարտության գոտում և դրա շրջակայքում, և տագնապ են հայտնել խաղաղ բնակչության համար կործանարար հետևանքների վերաբերյալ, ինչը պայմանավորված է վարձկանների՝ պատասխանատվության ենթարկելու քիչ հավանականությամբ:

Վարձկանների օգտագործման հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հայտարարել է, որ տարածված տեղեկություններ կան այն մասին, թե Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի օժանդակությամբ ապավինել է սիրիացի մարտիկներին հակամարտության գոտում, այդ թվում՝ առաջնագծում ռազմական գործողությունները պահպանելու համար: Ըստ փորձագետների՝ նրանք հիմնականում գործել են անձնական շահերից ելնելով՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Հաղորդվում է, որ մահվան դեպքում նրանց հարազատներին խոստացել են ֆինանսական փոխհատուցում և Թուրքիայի քաղաքացիություն:

«Այդ անձանց հավաքագրման, տեղափոխման և օգտագործման եղանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում համապատասխանում էր վարձկանի բնորոշմանը, ինչպես սահմանված է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ «Հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման դեմ» միջազգային կոնվենցիայում: Վարձկանների վերապատրաստմանը մասնակցել է նաև Ադրբեջանը»,- ասել է Քրիս Կվաջան, որը նախագահում է աշխատանքային խումբը:

Ավելին՝ զեկույցներում նշվում է, որ Թուրքիան զբաղվում է սիրիացի տղամարդկանց լայնամասշտաբ հավաքագրմամբ և Ադրբեջան տեղափոխմամբ՝ զինված խմբավորումների միջոցով, որոնց մի մասը կապված է Սիրիայի ազգային բանակի հետ: «Թուրքիայի ենթադրյալ դերն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով այս տարվա սկզբին աշխատանքային խմբի ներկայացրած նմանատիպ մեղադրանքները` կապված Լիբիայի հակամարտությանը մասնակցելու համար այդպիսի մարտիկների հավաքագրման, տեղակայման և ֆինանսավորման գործում նրա դերի հետ»,- ավելացրել է Կվաջան:

Ռազմական գործողությունները վերսկսելուց ի վեր՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին և մինչև վերջին հրադադարը, աշխատանքային խումբն ավելի ու ավելի է մտահոգված եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև որոշակի հեռավորությամբ գտնվող այլ բնակավայրերում կանխամտածված հարձակումների մասին կրկնվող հաղորդագրություններով, ինչպես նաև մարտերով, ինչը հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, այդ թվում՝ երեխաների: Տարբեր աղբյուրներից հաղորդվել է նաև քաղաքացիական գույքի և ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների ու հիվանդանոցների զգալի վնասների մասին, ներառյալ նաև լրագրողների հետ կապված միջադեպերը:

«Այս համատեքստում էլ ավելի մտահոգիչ է այն, որ Ադրբեջանում տեղակայված սիրիացի վարձկանները կապված են զինված խմբավորումների և անհատների հետ, որոնք Սիրիայի հակամարտության ընթացքում որոշ դեպքերով մեղադրվել են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, այդպիսով, կարծես պահպանվում է անպատժելիությունն ու առաջանում է միջազգային իրավունքի հետագա չարաշահումների վտանգ»,- հավելել են նրանք:

«Մենք կոչ ենք անում կողմերին և նրանց աջակցող պետություններին անհապաղ հետ կանչել վարձկաններին և աջակցող սուբյեկտներին ու չզբաղվել հետագա հավաքագրմամբ, ֆինանսավորմամբ և տեղակայմամբ»,- նշել են փորձագետները:

Նրանք վերոհիշյալ մեղադրանքների վերաբերյալ իրենց մտահոգություններն են փոխանցել անմիջականորեն Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել