ԱՀ ԱԻՊԾ տնօրենի խորհրդակցությունը ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը քիչ առաջ ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ծառայության ղեկավարն ի մի է բերել պատերազմական օրերին կատարած աշխատանքն ու հանձնարարականներ տվել առաջիկա անելիքների մասին:

Կարեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ծառայության ամբողջ անձնակազմին պատերազմի ամբողջ ընթացքում թիկունքում կատարած ահռելի ու չափազանց կարևոր աշխատանքի համար, ընդգծել, որ դժվար ժամանակներում այս ամենը հաջողել են միասին՝ համընդհանուր համերաշխության շնորհիվ:

«Պատերազմի ընթացքում ծառայությունը մարդկային 4 կորուստ ունեցավ, նրանց անունները միշտ վառ կմնան մեր հուշերում: Մեր ծառայության անմահացած հերոսները ցուցաբերած բացառիկ արիության, կյանքի գնով կյանք փրկելու պատրաստակամության և դրսևորած սխրագործություններով ցույց տվեցին իսկական փրկարարի լավագույն օրինակը»- նշել է Կ. Սարգսյանը, միաժամանակ առողջություն մաղթել վիրավորում ստացած փրկարար ծառայողներին:

Նշվում է, որ ամբողջ անձնակազմը մեկ մարդու պես կանգնել է իր դիրքում և իր աշխատանքով ևս մեկ անգամ շահել ժողովրդի վստահությունը: Ծառայության ղեկավարն ընդգծել է հատկապես կանանց ներկայությունը, ովքեր ճգնաժամային կառավարման կենտրոնում 24-ժամյա ռեժիմով պատասխանում և օգնություն էին ցուցաբերում մեր հայրենակիցներին, ի դեպ, նաև շրջանային բաժիններում:

Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց պատասխանատվությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ կներկայացվեն պարգևատրման:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Հադրութի, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների ծառայողների հետագա անելիքները: Կարեն Սարգսյանը նշել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու:

Հանդիպման ավարտին գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը բարի ծառայություն է մաղթել անձնակազմին, նշել, որ մենք կշարունակենք մեր առաքելությունը ուժեղացված ռեժիմով, քանի դեռ երկրում դժվար ժամանակներ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել