Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կյանքիս ամենատխուր օրը 10.11.2020. Արցախից Հայաստան պատերազմից վերադարձի ճանապարհը, որն ուղեկցվում էր արցունքով, տխրությամբ, վրեժի մոլուցքով, քանի որ ես իմ ջոկատով պատերազմի առաջին իսկ օրվանից եղել եմ առաջնագծում և պաշտպանել եմ հայրենիքս։ Հիմա կասեմ իրականությունը, որը երբեք չեմ ասել, քանզի չեմ ցանկացել թիկունքում ստեղծել լարվածություն. կարդում եմ ֆեյսբուքահայության՝ դիվան քշողների և ավտոմատի կրակից վախեցածների քոմմենթները և մտքիս մեջ 10 հարկանի հայհոյանքներով հայհոյում եմ ձեզ:
Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը տվյալ օրվա դրության փրկության ստորագրություն էր, այլ հարց է, թե ինչու՞ հասանք այդ օրվան։ Պաշտոնապես հայտարարում եմ. Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը փրկեց ամբողջ Արցախը հանձնելուց և բազմաթիվ զոհեր տալուց։ Եթե նա իր ստորագրությամբ հանձնեց 3 շրջան, ապա մյուս 3 շրջանը և Շուշին, որի մասին չգիտես ինչու չեն խոսում, հանձնվեց հին «գեներալիտետի» և հին «օլիգարխիկ» ռեժիմի ջանքերի շնորհիվ, քանզի նշածս շրջաններում չէր մատակարարվում սնունդ, անհրաժեշտ ապրանքներ, դեղորայք և սա այն դեպքում, երբ Ստեփանակերտի պահեստներում դրանց պակասը չկար և գիտե՞ք ինչու, քանի որ բոլոր պահեստապետերը նշածս շրջանակների մարդիկ էին։ Կամավորական ջոկատներին տանում էին անհայտ մի տեղ, անգամ գեներալի ուղեկցությամբ, և իրենք փախնում էին այնտեղից՝ թողնելով զորքին թշնամու արկերի հետ մեն մենակ։
Այս ամենի մասին բարձրաձայնել եմ Ստեփանակերտում, անուններ տվել հենց իրենց աշխատասենյակներում։ Այս ամենի մասին զեկուցել եմ Ազգային Անվտանգության Ծառայությանը, տվել եմ հստակ անուններ և եթե նշածս վիժվածքներին չձերբակալեն և չպատժեն, ապա պատժելու եմ ինքս, քանի որ թե՛ իմ, թե՛ իմ ջոկատի համար նման կենդանիները, ում պատճառով հարյուրավոր մարդիկ են զոհվել, պետք է պատասխան տան։ Այո՛, իշխանությունը նույնպես ունի սխալներ, բայց դրանք ոչ մի կերպ չի կարելի կապել «պարտություն» և «դավաճանություն» բառերի հետ, քանի որ նշված բառերի հասցեատերերը գտնվում են այլ օղակներում և եթե իշխանությունը սխալվել է այս հարցում, ապա դա Արցախի իշխանության ներսում թե՛ թիկունքային, թե՛ առաջնագծում նշանակված մարդկանց շրջանակն ու ինձ լռեցնել ցանկացող Հայաստանից ուղարկված «պաշտոնյաների» կասկածելի վարքն է, որոնց անուն ազգանունները նույնպես զեկուցվել է ՀՀ ԱԱԾ։ Բռնվե՛ք, հատ-հատ պատասխան եք տալու»։