Իշխանությունը թողնելը մի գուցե ամենահեշտ, սակայն այս իրավիճակում դա նաև ամենա անպատասխանատու բանը կլինի. Տիգրան Եգորյան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր պետության և պետականության համար ծանր ժամանակ է և ներքին և արտաքին առումներով։
Այսպիսի ժամանակներ մեզ էլի են բաժին հասել և տարբեր ելքեր են եղել։

Ինչ ենք սովորել մեր պատմությունից և ինչպիսի արժեք է մեզ համար պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը ․․․ կերևա․

Այս պահին շատ մանրամասն չեմ կարող գրել․

Այսօր պետության, ինքնիշխանության և ժողովրդավարության հարցերը կախված են ոչ միայն սահմանին գտնվող զինված ուժերից, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացուց և պետական ու հանրային իշխանության մարմինների առանձին ներկայացուցիչներից։ ԲՈԼՈՐԸ և ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ պատասխանատու են և ամեն քայլը վճռորոշ է լինելու։

Հենց այս պահին իմաստ չունի կենտրոնանալ սա ծրագրված հեղաշրջման փորձ էր թե ինչ։ Առավել կարևոր է կենտրոնանալ սեփական սխալների և բացթողումների վրա։ Այժմ գործընթացները մեծապես կախված են հանրային իշխանության մարմինների որոշումներից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել պետության կազմալուծման, կամ ոչ։

Հանրային իշխանության մարմինները պարտավոր են պահպանել Սահմանադրությունը և գործել ըստ դրա՝ չտրվելով մանիպուլյատիվ, պատրանքային ազդեցությունների և չթույլատրելով պետության կազմաքանդում։ Այդպիսի գործողությունները արդարացնել հնարավոր չի լինելու և դրա հետևանքները կրելու ենք ոչ միայն մենք այլև մեր սերունդները։

Պատմությունը հարուստ է օրինակներով երբ պետությունները կորցրել են գրեթե ամեն ինչ, սակայն պահպանել են պետականությունը և հետո վերականգնվել։ Սակայն պետության կազմաքանդումն ու կազմալուծումը այս իրավիճակում անդառնալի հետևանքների կբերի։

Այժմ կարևորագույն խնդիր է պաշտպանել ինքնիշխանության այս պահին ամենաէական հենքը՝ ժողովրդավարությունը, առանց որի հնարավոր չի լինելու ոչ մի ոլորտում ոչ մի առաջընթաց։ Առավել ևս հնարավոր չի լինի այս ծանր իրավիճակից դուրս գալ։

Խնդիրների լուծում ժողովրդավարական ինստիտուտների միջոցով թե այլ ճանապարհով քննարկումը սկիզբ է առել դեռևս 1994 թվականից: Ցավոք պատմությունը ցույց տվեց, որ ժողովրդավարության այլընտրանքը կործանարար է։ Ավելի մանրամասն այս պահին իմաստ չեմ գտնում։
Պետության համար կենսական նշանակություն է ունենալու պահի ազդեցության տակ չընկնել մոլորությունների մեջ, դրսևորել կայունություն և սթափ գիտակցություն, չզիջել ձեռք բերված ժողովրդավարությունը և բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով աշխատել։

Մի բան հստակ գիտակցել է պետք․ Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը (լավ, թե վատ) հաշվետու է ժողովրդին և ծառայելու է Ժողովրդին և գործելու է ի շահ ժողովրդի։ Բոլոր մնացածի նկատմամբ ժողովուրդի ազդեցությունը նվազագույն է։

Նման ծանր իրավիճակներում քաոս և անկայունություն առաջացնելու միջոցով իշխանություն վերցնելու ձգտողները որևէ բան չունեն առաջարկելու ժողովրդին և պետությանը և նրանց հույսը ժողովրդի կամքը չէ, այլ շփոթությունն ու քաոսը։

Մենք չենք կարող մեզ թույլ տալ այլ բան քան սառը դատողությունը և ռացիոնալությունը՝ կուլ տալով ողջ դառնությունը։ Իսկ իշխանությունը պետք է շատ արագ և արդյունավետ կերպով վերլուծի այս ամենը, այն բացերն ու սխալները որոնք թույլ են տրվել, վերլուծի գնահատի, ընդունի և վերաիմաստավորի այն սխալները որոնք նախորդ 2 կամ 1,5 տարում թույլ են տրվել։

ԵՎ ասելով քննարկել ու վերաիմաստավորել ես նկատի չունեմ մի դատարկ ու անբովանդակ գրասենյակում կատարվող գործընթաց։ Ստեղծված իրավիճակում ինչպես առաջացած հումանիտար աղետը կառավարելու, այնպես էլ բոլոր մնացած ոլորտների արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու նպատակով լայն և խորը խորհրդակցական և մասնակցային գործընթացներ պետք է ձեռնարկվեն, որոնց վրա կհենվի որոշումների կայացումը։

Հ․Գ․
Իշխանությունը թողնելը մի գուցե ամենահեշտ, սակայն այս իրավիճակում դա նաև ամենա անպատասխանատու բանը կլինի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել