Ձերբակալվեն են ՀՀ կառավարությունում, ԱԺ-ում, պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգությունների մասնակիցները. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Այդ ընթացքում մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը:

Բացի այդ, նույն օրը զանգվածային անկարգությունների մասնակիցները վերը նշված համաձայնագրի կետերը չկատարելուն պարտադրելու նպատակով Երևան քաղաքում բռնություն են գործադրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, ինչպես նաև նույն նպատակով բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և վարչապետի նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և  4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հայտնաբերվել և ձերբակալվել են ընդհանուր թվով շուրջ  20 անձինք: Ընդ որում հանրությանն իրենց անկարգություններով արդեն իսկ հայտնի՝ հիշյալ անձանց մեծամասնությունը զղջացել է կատարվածի համար, դատավարական հարկադրանք կիրառելուց անմիջապես հետո տրամագծորեն փոխել վարքագիծը և դրսևորել իրավահպատակ, օրինապաշտ քաղաքացուն բնորոշ  վարքագիծ:

Հավելենք, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվել են դեպքի վայրերի զննություններ, անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հայտնաբերվել և վերցվել են կառավարական առանձնատնից հափշտակված իրերը, առգրավվել են դեպքի վայր հանդիսացող տարածքների տեսախցիկների տեսագրությունները, նույնացվել դրանցում առկա անձինք, իրականացվել են այլ տեսակի քննչական ու դատավարական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների, այդ թվում նաև կազմակերպիչների ինքնությունը պարզելու և նրանց՝ օրենքի առջև պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության  անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

Միաժամանակ, ակնկալվում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու վերը հիշատակված դեպքերի, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևացող անձանց ինքնությունների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, չտրվել սադրանքների, զերծ մնալ նեղ անձնական կամ կուսակցական շահերը հանրային շահին ստորադասելու, հայրենասիրության քողի տակ հանրությանը մոլորության մեջ գցելու, այս պահին դեռևս մարտական դիրքերում գտնվող զինվորների կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ պետությունն իր ողջ գործիքակազմի կիրառմամբ իրականացնելու է իրավիճակից բխող համարժեք գործողություններ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել