Արդյո՞ք մենք կարող ենք այս պայմաններով կապիտուլիացիայի համաձայնագիր ստորագրել. Հովհաննես Ավետիսյան

Հանրային ֆինանսների կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԻՆձ թվում էր սա այնքան պարզ է, որ գրելու չէ, սակայն ոնց հասկանում եմ պետք է շատ հակիրճ ձևակերպել:
– Սա կապիտուլիացիայի համաձայնագիր է:
– Սա ստորագրվել է միանձնյա առանց ժողովրդի և իշխանության այլ մարմինների հետ համաձայնության գալու:
– Սա ստորագրողը անկախ ամեն ինչից չի կարող շարունակել կառավարել երկրում և որոշումներ կայացնել: Անձին արժանի գնահատականները թողնում եմ մի կողմ, դա հետո:
– Այս համաձայնագրի թաքնված կետերից է նա, որ հինգ տարի հետո պատերազմը վերսկսվում է, և նրանք վերցնում են մնացյալ տարածքները: Սա խաղաղության համաձայնագիր չէ:
Տնտեսական կողմի մասին:
– Արցախում գույքային կորուստները մի քանի տասնյակ միլիարդ դոլարի են:
– Տնտեսական, բաց թողնված եկամուտների տեսքով կորուստները կրկին միլիարդ դոլարների են հասնում, ընդ որում սա արդեն յուրաքանչյուր հաջորդ տարի, այսինքն շարունակական:
– Եթե նույնիսկ այս պահին 150,000 տեղահանվածից, 50 հազարը հետ գնա Արցախ, ինչի վրա մեծ կասկածներ ունեմ, ապա այդ հարյուր հազարը մնում է փախստական այստեղ:
– Այս թվով մարդկանց միայն մինիմալ պայմաններով բնակֆոնդ ապահովելը կանցնի երկու միլիարդ դոլարի շեմը:
– Սոցիալական և այլ ծրագրերի գծով ծախսերը կհասնեն հարյուրավոր միլիոնների, եթե կարողանանք անել, եթե ոչ` հետևանքների մասին իմաստ չկա գրելու, պարզ է:
– Շուրջ 1,500 հայտարարված զոհվածների հարազատներին առաջիկա տարիներին տրվելիք հատուցումները միջին հաշավարկներով արդեն անցնում են երկու հարյուր միլիոն դոլարի շեմը: Որը նույնպես մեր` հարկ վճարողների ուսերին է:
– Պատերազմում ռազմական մեր կորուստները, ըստ տարբեր աղբյուրների մոտավոր գնահատականների, անցնում է միլիարդ դոլարի շեմը:
– Այս ամենով հանդերձ եթե համաձայնագրի կետերին համաձայնվում ենք, մեզ վրա նաև պարտավորություններ ենք վեցնում (թշնամու համար ճանապարհ ապահովել և այլն), որոնք կրկին ենթադրում են հարյուրավոր միլիոն դոլարների ծախսեր: Սրանք նույնպես մեր` հարկ վճարողների ուսերին են:

Արդյո՞ք մենք կարող ենք այս պայմաններով կապիտուլիացիայի համաձայնագիր ստորագրել: Երբ, ընդ որում, սա խաղաղության համաձայնագիր չէ, և կրկնեմ, պատերազմը վերսկսվելու է առնվազն հինգ տարի անց և մենք այս վիճակով չենք հասցնելու խելքի գալ ու մի քանի օրում կորցնելու ենք Արցախի մնացյալ մասը:
Սա ստրկացման և կեղեքման համաձայնագիր է: Ես չգիտեմ որոնք են լուծումները, քանզի բոլոր առկա ռեսուրսներից տեղյակ չեմ (թե ռազմական, թե մարդկային, թե տնտեսական):
Բայց միանշանակ է, որ լուծումները չեն կարող ստեղծվել այն միջավայրում, որում առաջացել է խնդիրը և հետևաբար մեզ այլ որոշում կայացնողներ են պետք, այլ կառավարում, անցումային կառավարում և ժողովրդի ներկայացուցչական կառավարում: Սա իրապես կործանման տանող ծանր իրավիճակ է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել