Ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը արգելվել է. ԳԴ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են.

«Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին։

Պարզաբանում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվել է:

Պարզաբանվում է նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1825-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 3071-րդ հոդվածով մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսվում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ փաստորեն ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։

Հետևաբար, բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն, չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները և զերծ մնալ դրա ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել