ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ ես և իմ գործընկեր Միքայել Մելքումյանը շրջանառության մեջ ենք դրել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում ենք հիմնադրամին ուղղվող վճարի չափը մեծացնել, քանզի ակնհայտ է, հիմնադրամի շահառուների թիվը, ցավոք, աճում է:
Երեկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկացանք, որ Կառավարությունը ևս առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։
Ըստ մեզ` համահարթ վճարման տարբերակը ընդունելի չէ, որն անկախ աշխատավարձի չափից 3000 դրամ է բոլորի համար, ուստի մեր նախագծով առաջարկվել է կիրառել վճարումների պրոգրեսիվ մեթոդ:
Հարկավոր է ոչ թե ծանրաբեռնել, այլ դիվերսիֆիկացնել քաղաքացիների ֆինանսական բեռը՝ հիմնվելով սոցիալական արդարության վրա:
Մեր խորին համոզմամբ պրոգրեսիվ հարկումն առավել արդար մոտեցում է, քանզի նվազագույն աշխատավարձ ստացողի համար 3000 դրամը աշխատավարձ-վճարում տոկոսային հարաբերությամբ բոլորովին այլ բեռ է, իսկ 500 հազար դրամ ստացողի համար՝ այլ: Ուստի պրոգրեսիվ հարկումը այս պարագայում թերևս առավել արդարացված մոտեցում է:
Ստորև տեղադրում եմ նաև մեր ներկայացրած օրենքի նախագծի հղումը:
Առաջարկների դեպքում խնդրում եմ մեկնաբանություն թողնել»:
Մինչեւ 150000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում | 1000 ՀՀ դրամ |
150000-ից մինչեւ 300000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում | 2000 ՀՀ դրամ |
300-ից մինչեւ 500000 ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում | 3000 ՀՀ դրամ |
500-ից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ հարկման բազայի դեպքում | 6000 ՀՀ դրամ |
1 մլն ՀՀ դրամ կամ ավելի հարկման բազայի դեպքում | 12000 ՀՀ դրամ |