Մեր նախորդ նյութերից մեկով ներկայացրել էինք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Ա.-ի մեղադրանքով քննվող քրեական գործի մանրամասները:
Հիշեցնենք, որ Արմեն Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա ¼ հասցեում գործող «Այզբերգ» կարաոկե ակումբի պարասրահում պարելու ընթացքում մի քանի անգամ դիտավորյալ հպվել է նույն սրահում պարող Դիաննա Փ.-ին, ինչը նկատել է վերջինիս ամուսինը` Վ. Բադալյանը, դիտողություն է արել, սակայն Արմեն Ա.-ն, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, վրդովվելով այդ հանգամանքից և արհամարհելով պարասրահում գտնվող քաղաքացիներին` մասնավորապես Վ.Բադալյանին, Դ Փիրումյանին, Է. Վարդանյանին, իր անձի գերազանցությունը մյուսների հանդեպ ցուցադրելու խեղաթյուրված արտահայտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ակումբի հաճախորդների նկատմամբ` նրանց ներկայությամբ վեճի է բռնվել Վ.Բադալյանի հետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները`արդեն ակումբի ծառայողական միջանցքում հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և բռնություն գործադրելով` քաշել է Վ.Բադալյանին, որի ընթացքում կոտրել է նաև ակումբի գույք հանդիսացող նարգիլեն, իսկ այնուհետև բռնություն գործադրելով` անհիմն հարվածներ է հասցրել այնտեղ մտած իր ծանոթ Աշոտ Կ.-ին:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մաիսն:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Արմեն Ա.-ն միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով։ Դատարանը վճռել է ամբաստանյալ Արմեն Ա.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել կալանքի 2 /երկու/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի սկիզբը հաշվելով կալանավորման պահից։
Ամբաստանյալ Արմեն Ա.-ն վերը նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել և խնդրել բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արմեն Ա.-ի /ՀՀ քր.օր. 258 հոդ. 2-րդ մասով – կալանք` 2 ամիս ժամկետով / վերաբերյալ 19.02.2013թ. դատավճիռը` մեղմացնել սահմանված պատիժը և պատիժ նշանակել տուգանքի ձևով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net