Երեւանի քաղաքապետարանում կայացել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Ինչպեստեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000–ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:
Ավագանին հավանություն է տվել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաներ անհատույց օտարելու, ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշման նախագծերին:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացրել անվանի բանաստեղծ, հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանի, պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի, վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:
Ավագանու որոշմամբ` Երևան քաղաքի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մայիսի 22-ին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net