Անտառը ենթակա՞ է վարձակալման

 Անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց անտառների կամ անտառային հողերի ժամկետային օգտագործման իրավունքն է:

Անտառը  անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջություն է, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի  առնվազն  30 տոկոսը, ինչպես նաև նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները:

Անտառային հողերը ասելով պետք է հասկանալ անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողերը:

 Պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվում է հրապարակային սակարկությունների միջոցով: Անտառները կամ անտառային հողերը վարձակալության տրամադրելու հրապարակային սակարկությունները կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը: Առանց հրապարակային սակարկությունների պետական անտառների կամ անտառային հողերի վարձակալության տրամադրման դեպքերը սահմանում է ՀՀ Կառավարությունը:

Անտառների կամ անտառային հողերի վարձակալության պայմանագիրը կնքվում է մինչև 60 տարի ժամկետով: Անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի վարձակալության պայմանագիրը կնքվում է ՀՀ Հողային օրենսգրքով սահմանված ժամկետներով։

Պետական սեփականություն համարվող անտառների  վարձավճարի նվազագույն չափը սահմանված է ՀՀ Կառավարության 3 հունիսի 2010 թվականի N 668-Ն որոշմամբ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել