Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Նախագծով նախատեսվում է ստեղծել աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը․ «Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- նշել է նախագիծը ԱԺ-ին ներկայացնող ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի․ «Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից»,- նշեց Բալայանը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով: Վաղը կկազմակերպվի նախագծի 2-րդ ընթերցումը։