«Մի անգամ պատմեց, թե Սիլվա ծյոծը ոնց ա հրթիռակոծությունների արանքում վազվզում տարբեր հատվածներում տեղակայված զինվորների մոտ ու բրդուճներ բաժանում». զինվորի մայր

Գոհար Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիլվա ծյոծի մասին ամեն օր էր պատմում.

– Մամա ուտելու ծյոծ ա, մամա շատ ա մեզ սիրում, մամա հոսպիտալից հետո իմ համար առանձին խաշած բաներ ա սարքում, մամա Սիլվա ծյոծը տնից նուռ էր բերել, տնական ձու էր բերել, մամա մեր շորերը տարավ լվաց Սիլվա ծյոծը, գնացինք Սիլվա ծյոծենց տանը լողացանք։
Պատերազմը սկսելուն պես քաղաքացիական ճաշարանը չի գործում, իրենք էլ ճաշարանից շատ հեռու են։ Սիլվա ծյոծին չեն թողնում գա իրենց մոտ։

-Մամա, բայց մեկ էլ տեսնում ես հաջողացրել էկել ա ու ճաշ ա սարքում։

Մի անգամ պատմեց, թե Սիլվա ծյոծը ոնց ա հրթիռակոծությունների արանքում վազվզում տարբեր հատվածներում տեղակայված զինվորների մոտ ու բրդուճներ բաժանում։

-Էդ գմփոցների տակ ձայնը լսվում էր՝ էս էրեխեքը քանի օր ա մի նոռմալ բան չեն կերել։

Հաջորդ օրը ուղիղ էրեխեքի վրա էին խփել, Արամի ընկերոջը հարվածի ալիքը շպրտել էր ինչ-որ խողովակի վրա, գլուխը վնասվել էր։

– Երկու ժամ հետո հոապիտալից փախավ հետ եկավ։
Ու ինքը դրա համար էլ էր շատ ուրախ։

Իրեն էլ էր ալիքը շպրտել.
– Մամ ջան, քո Նարեկը ինձ փրկեց, – էնքան ուրախ էր, որ ասածը ինձ կարա ուրախացնի։

Սուրբ Ղազարում Մխիթարյան հայրերն ինձ մոտ 80 տարի առաջ տպագրված փոքր չափի Նարեկ էին նվիրել, պատերազմի օրերին հաջողացրել էի ուղարկել իրեն։ Խնդրել էի մոտը պահի։ Ասում ա՝ շատ անհարմար ա, մամա ջան, բայց քո խաթր միշտ ծոցս եմ պահում։

Հաջորդ օրը պատմեց, որ Գառնիկ ձյաձն ու Սիլվա ծյոծը մատաղ են արել ու բերել զորամաս։
-Մամա, Սիլվա ծյոծը, հեռվից վազելով էկավ փաթաթվեց, նենց պինդ էր սեղմել ինձ, մամա քո կարոտն առա։

Սիլվա ծյոծը իմ ու մնացած էրեխեքի պահապան հրեշտակն ա, օրը հազար անգամ տանը Սիլվա ծյոծից ու ամուսնուց ենք խոսում։ Ինքը իմ փոխարեն գրկում ա իմ էրեխուն։ Ես իրեն չեմ տեսել ու անկախ ինձնից Աստվածամոր կերպարով եմ երեւակայությանս մեջ պատկերացնում իմ տղայի նկարագրած կարճլիկ, փափլիկ Սիլվա ծյոծին։

Հաջորդ օրը զանգեց, ինքնատիրապետումը չէր կորցնում.
-Մամա, Սիլվա ծյոծի տղան զոհվեց։
Ինքը խոսում ա, ես էլ ոչինչ չեմ ընկալում։
-Մամա, Գառնիկ ձյաձը հիմա մեզ հետ նստած ա, չգիտենք ոնց ասենք, մամա, հենց նոր զանգեցին ասեցին, բժիշկ ա, գնացել ա վիրավորներին օգնություն ցույց տալու, ուազի վարորդը վախեցել ա մտնի էդտեղ, ինքն ա նստել ղեկին, չորս հոգու դուրս ա բերել, երկրորդ անգամ մտել ա ու հրթիռակոծության տակ ընկել, մամա ո՞նց ասենք։

-Չգիտեմ, Արամ ջան, չգիտեմ, Արամ ջան։

Աշխարհը փլվեց գլխից։ Ես չգիտեի, որ Սիլվա ծյոծը իր երեխաներն էլ ունի, ո՞նց չէի մտածել, ոնց անծանոթ Սիլվա ծյոծի անծանոթ տղային էլ մտքում չէի գրկել։ Ինքը իմ էրեխուն գրկել էր, իսկ ես իրա էրեխուն բաց էի թողել։ Աշխարհում կարեւոր մի բան խախտվեց։ Իմ մեղքով խախտվեց։ Փորձում էի չփղձկալ, որ Արմենը չարթնանա-վախենա, ու հեծկլտալով խնդրում էի կանգ առնի էս ամեն ինչը։ Տենդի մեջ ուզում էի հետ բերել էդ պահը, գրկել ուրիշի էրեխուն, փրկել ուրիշի էրեխուն։ Ուրիշի Էրեխա չի լինում։ Պատերազմն արդեն տարել էր մեզնից Գեղամին, Մհերին, իմ սիրելի Վիգենին, էնքան շատերին, անծանոթներին, ծանոթներին։ Արդեն եզրագծին էի ապրում, շատ բան չզգալով։ Ինձ ասում էին աղոթի, ես մտքում պինդ գրկում էի Արամին, ախպորս, Վիցոյին, Կամոյին, Գագոյին, Արմանին, Գուգոյին, Ծիգոյին, Դավիթին, Միշին ու երբ սկսում էի խառնել մտքումս ավելի էի տարածում թեւերս։

Ու հիմա բաց էի թողել Սիլվա ծյոծի ու Գառնիկ ձյաձի էրեխուն։

Չգիտեմ ինչքան անցավ, 10 րոպե, կես ժամ կամ երկու։ Արամը էլի զանգեց, վախենում էի ալո ասել։

-Մամա, մամա ջան, չես հավատա, բայց Սիլվա ծյոծի տղան ողջ ա։ Արդեն որոշել էինք ով ու ոնց ա ասելու Գառնիկ ձյաձին, ու նույն մարդը զանգեց։ Մամա, մի քանի հոգի զոհվել են, բայց ինքը փրկվել ա, ծանր ա, բայց կապրի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել