Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի հաղորդագրությունից։
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և ներկայացրել ստեղծված իրավիճակը։ Կարևորելով Սփյուռքի հայկական կառույցների կողմից կատարված և կատարվող աշխատանքներն, ինչպես նաև սփյուռքահայության համախմբված տարաբնույթ աջակցությունը Հայրենիքին՝ Հայաստանի նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող քայլերը:
Միաժամանակ, նախագահ Սարգսյանը նշել է, որ անելիքները դեռևս շատ են ինչպես միջազգային հանրությանն ու տարբեր երկրների ղեկավարներին ու հասարակություններին արցախյան հակամարտության և ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հասցնելու, այնպես էլ Հայրենիքին նյութական աջակցության առումով։ Նախագահն ասել է, որ վերջին իրադարձությունները վերստին վկայում են մեր ժողովրդի միասնականության և ինքնակազմակերպվելու որակների մասին։
Մուրադ Փափազյանը և Նադյա Գործունյանը նշել են, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, ողջ ֆրանսահայ համայնքն այսուհետ ևս կշարունակեն աջակցության գործողությունները Հայրենիքին և բոլոր ջանքերը կգործադրեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը տեղի հանրությանը ներկայացնելու համար։