Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին սկսել է ակտիվորեն տարածել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարավորությունների, Արցախը՝ Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասին թեզեր։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ սա ուղղակի քմծիծաղ է առաջացնում․ «Արցախի ապագան որոշում է բացառպես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը, մենք ենք մեր հայրենիքի ճակատագրի որոշողը։ Հետևաբար, որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է։ Մենք ունենք բացառիկ իրավունքներ մեր հայրենիքում ապրելու և տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունները պարզապես այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը և անհնար են դրաձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում, նույնիսկ ուղղակի փոխշփումները, ինչը կապ չունի կարգավիճակի հետ»,-ասաց Արտակ Բեգլարյանը։