Վերջին օրերին ինտենսիվորեն ադրբեջանական մեդիաներում տարածվում են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք, ըստ վերլուծության, հիմնականում ճիշտ են լինում։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Այդ լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում՝ դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր և նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր։ Երեկ և առաջին օրերին հրապարակված տեսանյութերից ակնհայտ է, որ ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը միանշանակ անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները»,-ասաց նա։
Այս խնդրի հետ կապված Արտակ Բեգլարյանն ավելի վաղ դիմել է քաղաքացիներին․
«Կուզեի մի քանի բան խնդրել մեր հայրենակիցներին՝
1. Չտարածել այդպիսի նյութերը հայկական շրջանակներում, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը հենց հայկական հասարակության տրամադրությունների վրա բացասականորեն ազդելն է այդ հոգեբանական դիվերսիաների միջոցով.
2. Չխոսել այդպիսի դեպքերի մասին հատկապես Հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված անձանց հետ.
3. Զգուշանալ նաև տեսածներին հավատալու հարցում, քանի որ երբեմն կիրառվում են կեղծ նյութեր հատկապես սիրիական պատերազմից.
Պետք չէ մոռանալ, որ տեղեկատվական-հոգեբանական անվտանգությունը Հայրենիքի անվտանգության գլխավոր բաղադրատարրերից մեկն է, և որքան քիչ տեղեկություններ ադրբեջանական տեղեկատվական դաշտից մտնեն մեր դաշտ, այնքան ավելի լավ»: