Վարչական դատավարությունում կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
Դատավարության ընթացքում հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն:
Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց` հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք։
Ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է:
(տեքստում հիշատակված օրենսգիրքը վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին):
Աղբյուրը՝ Իրավաբան.net