Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող, Հարություն Դոխոյանը մասնակցել է արցախաադրբեջանական հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմին։ Նա խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ։ Սակայն թևից վիրավորվել է և այժմ ապաքինվում է։
«Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա, և չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել։ Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ, և ավելացնելու եմ իմ խոցումները»,-ասում է ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը։
Այսօր, հոկտեմբերի 16-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին Հարությունը շնորհակալություն հայտնեց իր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին օգնել են առաջնագծում կռվող տղաներին՝ ուղարկելով անհրաժեշտ պարագաներ։
«Երբ կանգնած էինք սահմանին, գիտեինք, որ պետք է պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց երբ նրանք փոխադարձ օգնում են քեզ, մեծ բան է։ Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկը ինչ-որ բան ներդրել է, ու գտնում ես քո ուզածը, մեծ ուրախություն է պարգևում։ Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, ասում ենք՝ տղեք, էսօր չմրսեցինք։ Մեր հայ ժողովրդի օգնությունը սահմանի տղեքին մեծ ուժ է, որը դու զգալով, երբեք չես վախենա թշանուց»,-ասաց նա։
Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողական համակազմը իր շնորհակալությունն է հայտնում հերոս հայորդուն՝ Պոլիտեխնիկցուն, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ նվիրվածության համար։
Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում նաև այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին շարունակում են պատվով և անձնուրաց իրականացնել հայրենիքի պաշտպանությունը։
Աստված պահապան մեր բանակին:
Աստված պահապան բոլորիս:
Փառք Հայոց բանակին։