Արմեն Սարգսյանը՝ Իսրայելի նախագահին․ «Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն իրականում ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ:

Զրույցի սկզբում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի:

Նախագահ Սարգսյանն այնուհետև ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն իրականում ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով և քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների:

Նախագահ Սարգսյանը բոլոր չափանիշներով անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները: Նա հորդորել է Իսրայելի նախագահին՝ օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին:

Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ հայկական կողմի մտահոգություններն ու դիտարկումներն արտացոլել է նաև նախագահ Ռիվկինին ուղղված նամակում:

Նախագահ Ռիվկինը պատրաստակամություն է հայտնել իր երկրի կառավարության հետ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել հայկական կողմի բարձրացրած հարցերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել