Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի ուսուցիչներ,

Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ:

1990 թվականին, կիսատ թողնելով ուսումը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Թաթուլ Կրպեյանը մեկնեց Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ և աշխատանքի անցավ տեղի դպրոցներում՝ որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Բայց նա առաջին հերթին հայրենիքի զինվորն էր ու զոհվեց հանուն նրա ազատության՝ հռչակվելով Ազգային հերոս:

Այս օրերին անձնազոհաբար այդ ազատությունն են պաշտպանում մեր ժողովրդի հերոս զավակները՝ կրկի՛ն հերոսական Արցախում, կրկի՛ն նույն թշնամուց:

Պատերազմի ժամանակ ուսուցիչը նույնպես դառնում է զինվոր: Պատերազմից հետո նաև զինվորն է դառնում ուսուցիչ:

Հիշենք մեր պատմությունը, հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմը, հիշենք արցախյան ազատամարտը:

Նայենք այսօրվան, երբ ձեր աշակերտներն անհրաժեշտ պահին մարտադաշտում են՝տարբեր տարիքի ու տարբեր կրթությամբ,տարբեր գիտելիքի տեր ու տարբեր ընտանիքներից, բայց բոլորը հայրենասիրության դասը լավ սերտած, ա՛յն դասը, որի ակունքներում դուք եք:

Այդ դասը սկսվում է ընտանիքից ու ծնողից, շարունակվում դպրոցի առաջին դասարանից՝ ձեր միջոցով, ու երբեք չի ավարտվում, որովհետև շարունակվում է նաև դպրոցից հետո:

Այն սոսկ հայրենասիրության դաս չէ: Այն արժեքների ու բարոյականության դաս է: Հայրենիք ու հավատք, լեզու և մշակույթ, ընտանիք և օջախ. այս անխորտակելի սյուների վրա է հենվում մեր ինքնությունը դարեր շարունակ:

Այսօր էլ չեն փոխվել ո՛չ այդ արժեքները, ո՛չ այդ արժեքների սպառնալիքները, ոչ էլ սպառնացողները: Ամենակարևորը՝ չենք փոխվել մենք` որպես միասնական ժողովուրդ, որպես տեսակ: Չենք փոխվել նաև ձեր շնորհիվ:

Կրթությունն ինքն արժեք է, բոլոր արժեքները միավորող արժեք, դուք՝ այդ արժեքների սերմնացանները:

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ՝ պատերազմ թե համավարակ, փորձություն է նաև կրթական համակարգի համար:

Վստահ եմ, որ ձեզ նման մարդկանց՝ ՈւՍՈՒՑՉԻ շնորհիվ բոլոր փորձությունները ոչ միայն հաղթահարվելու են, այլև համակարգն ինքն է ավելի ուժեղ դառնալու: Մեր երկի՛րն է ավելի ուժեղ դառնալու:

Շնորհակալ եմ, սիրելինե՛րս: Առողջ եղեք:

Աստված պահապան բոլորիս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել