Վերջին օրերին հրետակոծվել են բազմաթիվ քաղաքներ և գյուղեր գրեթե բոլոր շրջաններում։ Խաղաղ բնակչության շրջանում ունենք զոհեր և վիրավորվածներ։ Այս մասին հայտնել է ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը։
Նա նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ Արցախի համար ընդհանուր հանգանակված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը։
«Ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով։ Բացի այդ, վաղվանից կգործի թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ փոխադրումների և ելք-մուտքի մասին։ Ֆինանսների նախարարությունից նաև ինձ հայտնեցին, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում մեր հարկատուները նախորդ 9 ամսում վճարել են նախատեսվածից 200 մլն դրամ ավել։ Սա նույնպես հայրենասիրության դրսևորում է»,-նշել է նա։
Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ կենսաթոշակները ժամանակին են վճարվելու, իսկ կոմունալ վճարները չվճարելու դեպքում քաղաքացիների գազամատակարարումը, ինչպես նաև լույսը և ջուրը չեն անջատվի։
Նախարարը ևս մեկ անգամ հաստատեց․ «Պաշտոնապես հայտարարում եմ. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։ Տարհանվել են մի քանի գյուղեր, որոնք սահմանամերձ են և գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա։ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում»։
Մանրամասները՝ տեսանյութում