Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։ Այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։
Ադրբեջանական ԶՈՒ մինչև այս պահն իրականացնում է քաղաքացիական բնակչության և օբյեկտների միտումնավո՛ր թիրախավորում։
«Ադրբեջանի կողմից խախտվում է ԱՀ բնակչության կյանքի իրավունքը։ Նրանց ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են, վերջին օրերի վայրագությունները բավականին խորքային կերպով հենված են պետական հայատյացության քաղաքականության վրա։ Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ։ Արդեն ՀՀ և ԱՀ պաշտոնական տարբեր աղբյուրներով և միջազգային լրատվամիջոցների օգնությամբ ունենք որոշակի փաստեր, որ Ադրբեջանում մեր դեմ կռվում են սիրիացի վարձկաններ։ Ըստ այսմ տարածաշրջանում առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ»,-նշել է Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը լայնորեն կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ահաբեկման մեթոդաբանությունը։
«Կարևոր է նշել, որ ոչ մի փաստարկ, ոչ մի հիմնավորում միջազգային կազմակերպությունների կողմից՝ Արցախ չգալու մասով ինձ համար ընդունելի չէ, քանի որ դրանք բոլորը բացառապես քաղաքական բնույթի են։
Եվ մարդու իրավունքները բոլորը նշում են, որ համընդհանուր են։ Բայց երբ հարցը հասնում է չճանաչված պետություններին, սկսում են քաղաքական փաստարկներ բերել։ Ես միայն մարդու իրավունքների պաշտպանության առումով մտահոգություն եմ հայտնում, որ չճանաչված պետությունների բնակիչները շատ ավելի խտրական վերաբերմունքի են արժանանում և՛ կոնֆլիկտի համատեքստում և՛ միջազգային հանրության կողմից»,-նշել է նա։