Ուսուցիչների ատեստավորման նոր ծրագիր է ներդրվում, ինչը թույլ կտա խրախուսել որակյալ ուսուցիչներին, բարձրացնել աշխատավարձը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգի վերաբերյալ ծրագրի նախագիծը։

Դրա նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչների ատեստավորման գործընթացի բարելավումը, համակարգում առկա որակյալ ուսուցիչների բացահայտումը և խրախուսումը, երիտասարդ և մոտիվացված մասնագետների մուտքը դպրոց ապահովելը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը չի արտացոլում ուսուցիչների որակական հատկանիշները և հիմնված չէ արդյունքի գնահատման վրա: Այն փաստացի ոչ թե գնահատում է ուսուցչի համապատասխանությունը մասնագիտությանը, այլ արձանագրում է վերապատրաստմանը մասնակցության փաստը: Որպես արդյունք` չկա ատեստավորումը չանցած լինելու հետևանքով աշխատանքից ազատված ուսուցչի գեթ մեկ դեպք: Միևնույն ժամանակ ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր ուսուցիչների համակարգ մուտք գործելուն: Առկա վիճակը և ներկա խնդիրները գնահատելու համար հիմք են ընդունվել ինչպես գործող իրավական ակտերի վերլուծությունները, այնպես էլ ոլորտը բնութագրող վիճակագրական ցուցանիշների, իրականացված տարբեր հետազոտությունների տվյալները։ Փորձնական ծրագրում մանրամասն ներկայացված է առկա իրավիճակը, ձևակերպված են խնդիրները։

Նածատեսվում է ներդնել փորձնական ծրագիր՝ խրախուսելու ուսուցիչների մասնագիտական զարգացումը և աշխատավարձերի բարձրացումը, նպաստելով դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։ Ըստ այդմ առաջարկվում է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար իրականացնել այլընտրանքային կամավոր ատեստավորում՝ մշակված ընթացակարգով և ժամանակացույցով և աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ:

Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտել և խրախուսել որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մոտեցնել հանրապետության միջին աշխատավարձին: Արդյունքում այս համակարգը հնարավորություն կտա ապահովել նոր ուսուցիչների մուտք դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ:

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով, կամավոր ատեստավորման հանձնաժողովի կողմից` ատեստավորվողի` նախարարությանն ուղղված դիմումի հիման վրա:

Կամավոր ատեստավորումը որոշակի ժամանակահատվածում կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ և ուսուցիչներին աշխատավարձի բարձրացման հնարավորություն կընձեռի: Մասնավորապես, կամավոր ատեստավորման արդյունքում`

  • 90 տոկոս և ավել արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան աշխատավարձի 50 տոկոսի չափով ավելացում, որի պարագայում ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին:
  • 80 տոկոս և ավել արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով ավելացում, որի պարագայում ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին:
  • 60-79 տոկոս արդյունավետություն ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:
  • 0-59 տոկոս արդյունավետության դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի` մինչև վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:

Ատեստավորման այլընտրանքային համակարգը նախատեսվում է անցկացնել նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան.

  • Առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 10-12-րդ դասարաններում հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
  • Երկրորդ տարում՝ 10-12-րդ դասարաններում մյուս առարկաները դասավանդող ուսուցիչների համար, ինչպես նաև 5-9-րդ դասարանների հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարվանից սկսած ատեստավորման այս եղանակը պարտադիր է համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 10-12-րդ դասարաններում:
  • Երրորդ տարում 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարների և 5-12-րդ դասարաններում այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների համար: Երրորդ տարվանից սկսած ատեստավորման այս եղանակը պարտադիր է համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 5-9րդ դասարաններում:
  • Չորրորդ տարում ատեստավորման այս եղանակն անցկացվելու է նույն սկզբունքով 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար: Ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող նոր համակարգ մտնող ուսուցիչների համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել