Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Ներկայացնում ենք հարցազրույցի հեղինակ Կապիլ Կոմիրեդդիի հոդվածն ու վարչապետի հետ հարցուպատասխանը:
«Կիրակի օրն Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում: Վերջինս հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային վարչակազմը Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Ադրբեջանի կազմում:
ԽՍՀՄ-ի փլուզումից քիչ առաջ տեղի հայերի ճնշող մեծամասնությունը հանրաքվեով քվեարկեցին Ադրբեջանից անջատվելու օգտին և հռչակեցին անկախություն: Այդուհանդերձ, հանրաքվեի արդյունքը ոչ ոքի կողմից պաշտոնապես չճանաչվեց: Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ տարածքը հայտնվեց Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում:
Սարսափելի պատերազմ սկսվեց: Հայաստանին հաջողվեց ազատագրել Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները: Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց հրադադարի ռեժիմ, և 1992 թվականին ձևավորվեց Մինսկի խումբ կոչվող միջազգային հարթակը, որը կողմերին պետք է առաջարկեր կարգավորել իրենց տարաձայնություններն անարյուն եղանակով:
28 տարի անց ռազմական գործողությունների մի շարք բռնկումների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, և հարյուր հազարներ տեղահանվեցին:
Լեռնային Ղարաբաղն արդարացիորեն անվանել են «ամենավտանգավոր չկարգավորված հակամարտությունը մեծ Եվրոպայում»: Այն կարող է Ռուսաստանին և Թուրքիային ավելի սուր հակամարտության մեջ ներքաշել: Ռուսաստանը թեև աջակցում է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին:
Տասնյակ խաղաղ բնակիչներ են արդեն զոհ գնացել կիրակի վերսկսված մարտերին: Հայաստանը, որը ժամանակին ուներ բացահայտ առավելություն, այժմ դիմակայում է շատ ավելի լավ սպառազինված և պատրաստված հակառակորդին:
Չնայած Մոսկվայի զուսպ կեցվածքին, Թուրքիան, որն ավելի քան մեկ դար առաջ երկու տարվա ընթացքում ցեղասպանության ենթարկեց 1,5 միլիոն հայերի, Կովկաս է տեղափոխել այն մոջահեդներին, որոնց նա տեղակայել էր Սիրիայում՝ Բաշար ալ-Ասադին տապալելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խոստացել է աջակցել Ադրբեջանին «անհրաժեշտ բոլոր միջոցներով»:
Հայաստանը հայտարարել է ռազմական դրություն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտնի է որպես «Կովկասի Գանդի», երկու օր առաջ ինչպես ժողովրդական հեղափոխության օրերին իր հայրենակիցներին կոչ արեց «կանգնել որպես հայ ազգի զինվոր»: Սա մարտահրավերի ծանրության խոստովանություն էր:
Հրետակոծությունն սկսվելուց մեկ օր անց ես Հնդկաստանից հեռախոսով խոսեցի Փաշինյանի հետ: Նոր պատերազմի բռնկումից ի վեր օտարերկրյա լրագրողի հետ իր առաջին հարցազրույցում Փաշինյանը, գերհոգնած, բայց վճռական, շարադրեց պատմության հայկական տարբերակը՝ ներկայիս իրադարձությունները որակելով որպես «գոյաբանական սպառնալիք» հայ ժողովրդի համար:
Կապիլ Կոմիրեդդի – Կիրակի խորհրդարանում Ձեր ելույթի ժամանակ Դուք նկարագրեցիք այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, որպես «ամենակարևոր հանգրվանը» Հայաստանի գոյատևման պայքարում: Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանն այժմ տոտալ պատերազմի մեջ է:
Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանը նախապես ծրագրված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանելու մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակը սրվել է, քանի որ Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Լեռնային Ղարաբաղը՝ փորձելով ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչն ի դեպ արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ:
Կապիլ Կոմիրեդդի – Որքա՞ն զոհ կա Ձեր կողմից:
Նիկոլ Փաշինյան – Ունենք մի քանի տասնյակ զոհ քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում: Ես չեմ կարող վերջնական թիվ ասել, քանի որ մարտերը շարունակվում են:
Կապիլ Կոմիրեդդի – Եթե այս պատերազմը ձեզ համար ոչ այլ ինչ է, քան գոյատևման համար պայքար, ապա ցանկալի է իմանալ, թե արդյոք դուք միայնակ եք մարտնչո՞ւմ, թե՞ ձեր երկարամյա գործընկեր Ռուսաստանից ստացել եք աջակցության հավաստիացումներ:
Նիկոլ Փաշինյան – Կցանկանայի շեշտել, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչի շուրջ է ընթանում ղարաբաղյան հակամարտությունը: Կարդալով միջազգային լրատվամիջոցների վերնագրերը՝ հասկանում եմ, որ կա լուրջ թյուրըմբռնում: Դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է:
Տարածաշրջանն Ադրբեջանի կազմում հայտնվեց միմիայն Խորհրդային Միությունում կայացված կամայական որոշումների հետևանքով: Հայերը մշտապես եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց ավելի ուշ տեսանելի դարձավ:
Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից. ինչպես Ադրբեջանն անջատվեց Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը բաժանվեց Ադրբեջանից:
Ի դեպ, դա միանգամայն խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանն սկզբից ևեթ դրան արձագանքեց բռնի ուժով, ջարդերով և սպանություններով: Եվ հակամարտությունն սկսվեց հենց այդ կետից: Ցավոք սրտի, միջազգային հանրությունը թյուր է ընկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքների մասին չէ, այլ մարդկային էակների, մարդկանց անվտանգության:
Հայերը, ովքեր միշտ մեծամասնություն են եղել Լեռնային Ղարաբաղում, ցանկանում են օգտվել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքից:
Կապիլ Կոմիրեդդի – Ռուսաստանից օժանդակության հավաստիացումներ ստացե՞լ եք:
Նիկոլ Փաշինյան – Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, ապա կցանկանայի նշել, որ ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում:
Կապիլ Կոմիրեդդի – Հետաքրքիր է: Դուք ասում եք, որ ձեր դաշնակցի` Մոսկվայի դիրքորոշումը չեզոք է: Մինչդեռ Թուրքիայի նախագահը շարունակաբար մեղադրում է Հայաստանին շարունակվող ռազմական գործողությունների մեջ: Նա իր աջակցությունը հայտնեց Բաքվին և խոստացավ որդեգրել «մեկ ազգ, երկու պետություն» մոտեցումը:
Թուրքիայի պետական լրատվամիջոցները նկատվել են առաջնագծում: Կասե՞ք, որ սա համակարգված գրոհ է: Եթե այո, ապա Հայաստանը արդյոք ո՞ւնակ է դիմադրելու և միայնակ հաղթելու Ադրբեջանին և Թուրքիային:
Նիկոլ Փաշինյան – Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա: Դա իրականում շատ հրապարակային գործընթաց է:
Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայերի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը: Բայց քանի որ Դուք ակնարկում եք նաև Թուրքիայի մասին, ապա պետք է հաշվի առնել այն էքզիստենցիալ սպառնալիքը, որը կախված է եղել հայ ժողովրդի գլխին մեր պատմության ընթացքում:
Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլև իրականում շարունակում է ցեղասպանության իր քաղաքականությունը հայերի նկատմամբ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ես նորից եմ կրկնում. սա մեզ համար գոյաբանական սպառնալիք է, և մեզ, ինքներս մեզ պաշտպանելուց բացի, այլ բան չի մնում:
Կապիլ Կոմիրեդդի – Արդյոք ՆԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի, որ իր անդամներից մեկը, ինչպես Դուք եք ասում, առաջնորդում և ղեկավարում է այդպիսի մահացու արշավ:
Նիկոլ Փաշինյան – Եկեք այս ամբողջ գործընթացը դիտարկենք որպես Թուրքիայի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության մի մաս: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում:
Այն, ինչ Թուրքիան անում է այնտեղ, նրա կայսերական նկրտումների մի մասն է: Դա ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խոսքը միայն Հայաստանի անվտանգության մասին չէ: Խոսքն ամբողջ Հարավային Կովկասի մասին է: Այն լույս է սփռում ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի վրա:
Կապիլ Կոմիրեդդի – Մինսկի խումբը հորդորել է երկու կողմերին էլ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները: Հայաստանի կամ նրա գործընկերների կողմից դիվանագիտական ճանապարհով երկխոսություն վարելու որևէ փորձ եղե՞լ է։
Նիկոլ Փաշինյան – Երբ դարձա Հայաստանի վարչապետ, ես առաջարկեցի կարգավորման բանաձև, այն էՙ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին հայն էի, ով ասաց, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև հակառակորդ կողմի համար:
Հուսով էի, որ Ադրբեջանի նախագահը կարձագանքեր այդ նույն ոգով: Ցավոք սրտի, նա դա չարեց: Նա պնդում էր, որ կարևորն Ադրբեջանն է: Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հռետորաբանության դիմեց՝ ասելով, որ ինքը պատրաստվում է այդ հակամարտությունը լուծել ռազմական ուժով, և որ իրենց դիվանագիտական նպատակն էր նյութականացնել Ադրբեջանի ռազմական փառասիրությունը:
Մինչ այժմ Ադրբեջանի նախագահի դիվանագիտությունը եղել է ոչ այլ ինչ, քան ռազմական գործիք: Այդ իրավիճակում, այդ մթնոլորտում շատ դժվար է պահպանել բանակցություններն ու դիվանագիտությունը:
Կապիլ Կոմիրեդդի – Այսինքն՝ Դուք այս պահին Բաքվի հետ անմիջական կապ չունեք, և հաղորդակցության ոչ մի ալիք չի՞ գործում:
Նիկոլ Փաշինյան – Ոչ: Բայց մենք կապի մեջ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ:
Կապիլ Կոմիրեդդի – 2016-ի այսպես կոչված «քառօրյա պատերազմը» հանգեցրեց փակուղու: Բայց դա չափազանց ձեռնտու էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է լինել ագրեսիայի այս շրջափուլի դրդապատճառը:
Նիկոլ Փաշինյան – Իմ համոզմունքն այն է, որ միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություններն են ի վիճակի գնալ փոխզիջման և ընդունել խաղաղության բանաձևեր: Խնդիրն այն է, որ Իլհամ Ալիևն իր նախագահության ընթացքում հակահայկական ատելության մթնոլորտ սերմանեց Ադրբեջանում: Ադրբեջանում «հայ» նշանակում է թշնամի, ում պետք է սպանել: Այդ ատելության մթնոլորտն այլևս պայթել էՙ դառնալով դառն իրականություն:
Կապիլ Կոմիրեդդի – Դուք կիրակի խորհրդարանում ասացիք, որ «տեղի ունեցածի մեջ անսպասելի ոչինչ չկա»: Եթե կանխատեսել էիք, ապա ինչո՞ւ ամեն ինչ չարեցիք, որպեսզի դա տեղի չունենար:
Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան է պատերազմի միջոցով կամ առանց պատերազմի: Ուստի տրամաբանական չէր լինի, եթե ես համաձայնեի Լեռնային Ղարաբաղի ադրեջանական օկուպացիայինՙ պատերազմից խուսափելու համար: Ալիեւը փոխզիջման համար տեղ չթողեց:
Կապիլ Կոմիրեդդի – Վարչապետ դառնալուց առաջ Դուք լրագրող էիք և իրավապաշտպան: Ձեր պաշտոնավարման առաջին օրվանից Հայաստանն զգալի առաջընթաց է գրանցել: Այդ ձեռքբերումները, որոնք արդեն վտանգված են համաճարակով, գրեթե անկասկած ի չիք կդառնան պատերազմի արդյունքում: Ձեզ համարում են Կովկասի Գանդի: Ո՞րն է այն գինը, որը դուք պատրաստ եք վճարել խաղաղության համար:
Նիկոլ Փաշինյան – Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ, ասացի, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր պատերազմը կնշանակի պատերազմ ժողովրդավարության դեմ: Այժմ կարող եմ պաշտոնապես ասել, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության դեմ Ադրբեջանի պատերազմը սանձազերծված է: Դա միայն պայքար չէ մեկ ազգի կամ մեկ պետության ազատության համար: Սա պայքար է ժողովրդավարության համար, քանի որ այն վարում է բռնապետությունն ընդդեմ ժողովրդավարության: