Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով սկսված մարտական գործողությունները շարունակվում են:
Արցախին օգնություն ցուցաբերելու և իրենց ներուժը հայրենիքի պաշտպանության գործին ծառայեցնելու նպատակով ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական ջոկատ, որն այսօր համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:
ԵՊՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ կամավորական ջոկատի անդամներն իրենց հետ որպես օգնություն վերցրել են սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:
Ի դեպ, ԵՊՀ Ուսանողական խորհուրդը նախաձեռնել է անհրաժեշտ իրերի՝ ծխախոտի, պահածոյացված ու չփչացող սննդի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում առաջնագիծ ուղարկելու համար:
Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է այցելել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ 6-րդ հարկ, ՈՒԽ սենյակ, այսօր՝ 15:00-ից մինչև 22:00-ն: Հավաքագրումը շարունակվելու է մի քանի օր: