Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը․ Հրայր Թովմասյան

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է ՍԴ նախագահի մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ու հավելեց՝ իր մոտ տպավորություն էր, որ այս ամբողջն ուղղորդված ու պայմանավորված է։ Նրա խոսքով՝ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել 3 գործոն.

«Ես առավոտյան ասացի, որ երեք հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածուներ առաջադրելուց։ Առաջինը մարդկային հատկանիշներն էր, որոնք կարող էին այդ հարաբերությունները ստեղծել։ Վերեւում առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանի նախագահի համար շատ կարեւոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի. տրամադրության անկումից սկսած, մի փոքր վատ զգալուց մինչեւ առողջական խնդիրները։ Դատավոր Խաչատրյանն ամենափորձառուն է։ Ես ոչ միայն առաջադրել եմ պարոն Խաչատրյանին, այլ ես յուրաքանչյուրին անդրադարձել եմ կամ գրեթե բոլորին, ասել եմ, թե ինչու իրենց չեմ առաջադրում։ Պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է եւ ունի որոշակի կառավարչական հմտություններ։ Պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի. սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մնացածն իրար ավելի լավ ճանաչեին եւ ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին։ Ըստ էության՝ 4 դատավորը նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով որեւէ էական չեն եւ պիտի հաշվի առնել այդ հանգամանքները»,-նշել է նա։

ՍԴ դատավորն անդրադարձավ նաեւ ՍԴ դատավորների լեգիտիմության հարցին. «Ես ի սկզբանե արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաեւ լեգիտիմության պակասի առումով եւ հստակ ֆիքսել նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի։ Պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաեւ այդ հանգամանքով, որ ինքն այն 4 դատավորներից էր, որը լեգիտիմության պակաս չունի»։

ՍԴ աշխատակարգային նիստը շարունակվելու է վաղը՝ ժամը 10։30-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել