2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ՝ ձախ վերին ծնոտի բութ տրավմա, աջ անրակի կոտրվածք տեղաշարժով, ուղեղի ցնցում՝ հարցականով ախտորոշմամբ:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցներից մեկը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա տղամարդը մեքենան վարել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում հետիոտնային անցումով անցնող 32-ամյա կնոջ ուղղությամբ, որի պատճառով վիճաբանություն է ծագել նրանց միջև, ինչին մասնակից են դարձել նաև կնոջ կանչով դեպքի վայր ժամանած վերջինիս ծանոթները և դեպքի պահին նշված վայրում գտնվող, 31-ամյա տղամարդու մտերիմները:
Վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը զենքի նմանվող առարկայով՝ ատրճանակի նմանվող կրակայրիչի բռնակով, անկանոն հարվածներ է հասցրել 31-ամյա տղամարդուն և վերջինիս մտերիմներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, դեպքին ականատես և մասնակից անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, զննություններ, այլ քննչական և դատավարական գործողություններ:
Իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից 9-ի ինքնությունը, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:
Նշված անձանցից երկուսն ինքնակամ ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նրանցից մեկի՝ 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ մյուսի՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը, և որոշում է կայացվել նրան արգելանքից ազատելու մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: