Հայաստանում մասսայական վարկային արձակուրդը կամ համաներումը կհանգեցնեն մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական շատ մեծ վնասների, իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել, հայտարարել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։
«Զանգվածային արձակուրդը կամ համաներումը բարոյական ռիսկի մասով կարող են լուրջ փոփոխության հանգեցնել, վարկառուները կարող են վճարումներ չանել՝ մտածելով, որ ապագայում ներվելու են։ ՀՀ-ում վարկառուների մոտ 93%-ը գիտակցված ու պարտաճանաչ կերպով կատարում է իր պարտավորությունները։ Վարկերի համաներման հակառակ կողմում ավանդատուներն են, որոնք առաջինն են տուժելու նման դեպքում։ Բանկերն ավանդատու քաղաքացիներին տարեկան մոտ 140 մլրդ դրամ են վճարում կամ ՀՆԱ 2․5%-ը, և մենք պարտավոր ենք հարցնել նրանց կարծիքը։ Եթե վարկերը համաներվեն, բնականաբար այդ կորուստների վնասները պետք է կրեն դեպոզիտորները։ Եթե ավանդատուները կհամաձայնեն, որ այլևս տոկոս չեն ուզում, բերենք այստեղ, նստեցնենք, բոլորս իրար հետ համաձայնության գանք»,-նշել է նա։
ԿԲ փոխնախագահը վստահեցրել է, որ նման արձակուրդից կամ համաներումից տուժելու են միայն բանկերն ու ավանդատուները, վարկառուների պայմանները դրանից չեն բարելավվելու։