Կողմերը, զինվելով փայտյա մահակներով և մետաղյա ձողերով, 2020թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, նշված տարածքում հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր:
Հանդիպումը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում կողմերը, միմյանց նկատմամբ իրենց գերակայությունը ցույց տալու համար, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Գնդեվազ համայնքի բնակիչների նկատմամբ, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկաներով՝ փայտյա մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչպես նաև ոտքերով ու ձեռքերով, հարվածներ են հասցրել միմյանց և իրենց գործողությունները զուգորդելով նաև բռնություն գործադրելու սպառնալիքով՝ փոխադարձաբար քարեր են նետել և վնասել շրջակայքում գտնվող ավտոմեքենաները՝ այդ կերպ խախտելով համայնքի բնակիչների հանգիստն ու գիշերային անդորրը, խաթարելով բազմաթիվ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում և անպաշտպանվածություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ միջադեպին մասնակից անձանցից երեքին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված երեք մեղադրյալների նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: