Միգուցե Գագիկ Ծառուկյանը համաձայնվի միանալ ինձ այն նախաձեռնության մեջ և միասին օրենսդրական նախաձեռնություն բերենք, որ հասկանանք՝ արդյոք ԱԺ-ում ներկա գտնվող 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը:
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառմանը:
Նա հիշեցրեց, որ անցած տարի օրենքի նախագիծ էր փորձում շրջանառության մեջ դնել, որով առաջարկում էր՝ Ազգային ժողովի պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, այսինքն՝ իրավունք ստանան լինելու պատգամավոր:
«Եթե ԱԺ պատգամավորներն են ընտրում դատախազին, որ անցնում է այդ չափորոշիչներով, խելամիտ է, որ ԱԺ պատգամավորը ինքը նախ անցած լինի այդ կրիտերիաներով, հետո իրավունք ունենա ընտրելու, օրինակ, դատախազին»,- նշեց Պողոսյանը:
«Զարմանալիորեն այդ ժամանակ իմ նախաձեռնությանը շատ վատ են արձագանքել ԲՀԿ խմբակցության պատգամվորները: Ես զարմացա, իմ ընկերները համոզեցին, որ այդտեղ խախտում կա ազատ ընտրության և որ պատգամավոր կարող է ցանկացած մարդ ընտրվել, ամեն դեպքում, ես որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը: Քանի որ այսօր ԲՀԿ ղեկավարն է նման հայտարարություն արել, երևի մեկ տարվա ընթացքում ինչ-որ բան է փոխվել, մտածում եմ՝ կարող է Գագիկ Ծառուկյանը համաձայնվի միանալ իմ այդ նախաձեռնությանը և միասին այդ օրենսդրական նախաձեռնությունը բերենք և հասկանանք՝ արդյոք ԱԺ-ում ներկա գտնվող 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը և իրավունք կունենան ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակել, քվեարկել և հատատել, թե՞ չեն կարողանա»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծաուկյանի գրառմանը նախորդել էր վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նշել էր, թե համաձայն է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որը երեկ ԱԺ նիստին ակնկարել էր Գագիկ Ծառուկյանի դատական գործի մասին: