Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը

Օգոստոսի 13-ի կառավարության նիստին գործադիրը որոշում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատելու մասին։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառման ընդունումը պայմա­նավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ։

23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը: Ըստ հիմնավորման՝ կորոնավիրուսի տարածման, զբոսաշրջային հոսքերի նվազման, տնտեսական գործունեության առանձին տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ 70 տոկոսի չափով անկում։ Միջոցառմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը, միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող, 2020 թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ, առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ: Շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թ. հուլիսից մինչև 2021 թ. մարտ ամիսը ներառյալ։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշման նախագիծը բավականին երկար ժամանակ ամենատարբեր ձևաչափերով քննարկվել է կառավարությունում: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով այս ոլորտը մեծ վնասներ է կրել, և կառավարությունն այս ձևով փորձում է աջակցել, որպեսզի այդ ընկերություններն իրենց մրցունակությունը պահպանեն մինչև շուկայի հնարավոր վերականգնումը՝ մոտավոր ժամկետը 2021 թ. ապրիլն է: «Այստեղ վիճահարույց մի քանի հարցեր են եղել: Առաջինը եղել է հետևյալ հարցադրումը, որ այսօր, օրինակ, մարզերում այդ հյուրատները, հյուրանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, մյուս պարագայում՝ Երևանում գրեթե զրոյական է: Ինչքանո՞վ է նպատակահարմար հավասարության նշան դնել այդ երկու բիզնեսների միջև: Ես այս մտահոգությունը, քանի որ ենթադրում եմ որոշման ընդունումից հետո էլ այդպիսի շեշտադրումներ կլինեն, ուզում եմ արձանագրել: Ըստ էության, մենք այս որոշումով աջակցում ենք ոչ թե ինքնին բիզնեսին, այլ բիզնեսներում աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատատեղերի բացմանը: Եթե, օրինակ` մարզային որևէ մի այդպիսի ընկերություն հիմա ծանրաբեռնված աշխատում է, ունի շահույթ, հաճախորդներ, ապա այս աջակցությունը կօգնի վերջինիս, ասենք, մեկ-երկու նոր աշխատատեղ ստեղծել, իսկ  վատ վիճակում գտնվողներին կօգնի աշխատատեղերը պահպանել: Այսինքն՝ իրականում այս աջակցության վերջանական շահառուները ոլորտի աշխատողներն են, որոնց մենք այսպիսով օգնում ենք աշխատատեղերը պահպանելու հարցում:

Նաև այսպիսի մի տրամաբանություն կար, թե կան բիզնեսներ, ոլորտի ընկերություններ, որոնք այս ընթացքում այդքան էլ շատ չեն տուժել և կան որ շատ են տուժել: Եվ ինչքանով է ճիշտ շատ և քիչ տուժածներին նույն չափ օգնել: Այստեղ էլ մենք հետևյալ փաստարկն ունենք, որ հնարավոր է՝ կան ոլորտի ընկերություններ, ովքեր ստեղծագործական և ստեղծարար ինչ-որ ծրագրերով կարողացել են այս ճգնաժամի պայմաններում ավելի լավ վիճակում գտնվել, քան մյուսները, որոնք այդքան ստեղծագործաբար չեն մոտեցել խնդրին: Եթե մենք միայն շատ տուժածի չափանիշը դնենք, կստացվի, որ ստեղծարար բիզնեսին մենք ասում ենք՝ քանի որ դու ստեղծարար ես, մենք չենք ուզում քեզ աջակցել, իսկ մյուսը, որ պակաս ստեղծարար է, նրան կաջակցենք, ինչը մեր տրամաբանությունից դուրս է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ առաջարկը, ըստ վարչապետի,  եղել է զրկել այս աջակցությունից այն ընկերություններին, որոնք  տեսչական մարմինների ստուգումներով պարզվում է հակահամաճարակային կանոնները չեն պահպանում: «Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ դա կբարդացնի ընթացակարգերը: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մենք պետք է լծակ ունենանք դուրս թողնելու ծրագրից այն ընկերություններին, որոնք շարունակաբար և չարամիտ կերպով կխախտեն այդ հակահամաճարակային կանոնները: Շատ կարևոր է, որ գործընկերությունը լինի ամբողջական: Այս աջակցության ծրագրով մենք օգնում ենք, որպեսզի այդ բիզնեսը շարունակի գոյություն ունենալ, բայց ճիշտ չի լինի, եթե այդ բիզնեսը մեր աջակցությամբ գոյություն ունենա և նպաստի համաճարակի տարածմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, անդրադառնալով հարկերից խուսափող գործարարների գործունեությանը, անընդունելի է համարել այն, որ բինզեսը կարող է հարկերից խուսափել, իսկ ճգնաժամի ժամանակ բյուջեից աջակցություն ակնկալել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  «ճգնաժամը որպես հնարավորություն» կոնցեպտի շրջանակում  գործընկերության մթնոլորտն ավելի ու ավելի շեշտադրված ու առաջնահերթ պետք է դառնա.  «Ի՞նչ է նշանակում ՀԴՄ չտալ: ՀԴՄ չտալը զինվորի հացը գողանալ է: Շատ կոնկրետ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է բարձրացնել բիզնեսի հարկային կարգապահությունը:  «Երբ  խոսում ենք հարկային կարգապահության բարձրացման մասին, բոլորն ասում են, որ դա չեն կարող անել։ Ոչ մեկ չի ասում, որ մեր պետական և անձնական ամբիցիաները բավարարելու համար բոլորս պետք է ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ եկեք տեսնենք, թե Երևանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է: Ոչ ոք չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում և չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է առաջ գնալ  գործընկերության նոր որակ և մակարդակ ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել