Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները, ավելի քան 100 հոգու կազմով դիվերսիա են արել դեպի «Անվախ» կոչվող դիրք․ Նիկոլ Փաշինյան

Գիշերը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները, ավելի քան 100 հոգու կազմով հերթական դիվերսիոն հարձակում են արել դեպի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Ցանկանում են ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան՝ ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում: Արձանագրեմ նաև, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ: Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական:

Հարգելի գործընկերներ, վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած լարվածության հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանը, Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանը, Զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը: Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել