Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում՝ մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն, նման դեպքերը ևս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո:
Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից ժամանած՝ ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Տեսազննման արդյունքում բեռնատարի կցորդի ներքևի հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված նոր հագուստ:
Մեկ այլ դեպքով էլ՝ կրկին Բագրատաշենի մաքսակետում, բացահայտվել է մաքսային կանոների խախտման հերթական դեպքը: Այսպես, մաքսային տեսուչի հարցմանն ի պատասխան՝ բեռնատարի վարորդը նշել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա են միայն պահեստամասերը: Այնինչ, բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային հեռախոսներ:
Դեպքերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մաքսային կանոնները խախտելուց: Օրենքի շրջանցման յուրաքանչյուր փորձ բացահայտվելու է ՊԵԿ աշխատակիցների խիստ հսկողության արդյունքում: