Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մերժումից հետո նրա փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սկզբնական շրջանում իրենք վստահ էին, որ կալանավորում լինելու է, քանի որ գործընթացներն այդպիսին էին, սակայն միջնորդության քննության ընթացքում որևէ հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում, և վստահություն ծագեց, որ դատարանն ի վերջո օրինական որոշում կկայացնի:
«Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական պրոցեսներից: Ակնհայտ էր, որ քաղաքական պրոցեսների այս վերջին օղակը պետք է հանդիսանար դատարանը, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար: Այն փաստերը, որ ներկայացվում էին, շատ ակնհայտ էին, որպեսզի կալանավորումը մերժվեր»,- նշեց փաստաբանը։