27-ամյա երիտասարդը հետապնդվելիս մեքենայից փաթեթներով թմրամիջոց էր նետել փողոց․ նա բերման է ենթարկվել

Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի 46-ամյա մի բնակիչ մարիխուանա տեսակի թմրամիջոց է ապօրինի ձեռք բերում և իրացնում:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Հունիսի 13-ին ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելիս պարզվեց, որ կասկածվողը Արմավիրի մարզում մարիխուանա է ձեռք բերել և Լոռու մարզի Բազում համայնքում 117.000 դրամով 13 փաթեթ թմրանյութ իրացրել  «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայով մի տղամարդու:

Կասկածելի մեքենան շուտով հայտնվեց իրավապահների տեսադաշտում: Քրեական հետախույզները, ճանապարհային ոստիկանների հետ, սկսեցին հետապնդել: Սակայն Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վարորդը, չենթարկվելով ճանապահային ոստիկանների «կանգ առ» ազդանշանին, պատուհանից պոլիէթիլենային տոպրակով 13 փաթեթ թմրանյութը նետել էր և դիմել փախուստի:

Նույն օրը իրավապահների մեկ այլ խումբ Վանաձորի Մոսկովյան փողոցից ոստիկանության Գուգարքի բաժին բերման ենթարկեց թմրանյութն իրացնելու մեջ կասկածվող 46-ամյա մի վանաձորցու: Քրեական հետախույզներին տեսնելով` տղամարդը նույնպես պոլիէթիլենային տոպրակով շուրջ 10 փաթեթեթ մարիխուանա էր պայուսակից հանել ու նետել, սակայն ոստիկանները բռնել էին:

Հիշյալ փաթեթներն առգրավվեցին և ուղարկվեցին դատաքիմիական փորձաքննության:

«ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Հետևողական աշխատանքն օրեր անց դրական արդյունք տվեց:

Քրեական հետախույզները պարզեցին, որ «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդը, որը 13 փաթեթ մարիխուանա էր գնել, Լեռնահովիտ գյուղի 27-ամյա բնակիչ է:

Հունիսի 17-ին նա, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին: Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել