«Եվս մեկ անգամ կարող եմ հաստատել․ սա շինծու գործ է»․ այս մասին քիչ առաջ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ դուրս գալով դատարանի շենքից։
Նա նշեց, որ ամենը կապված էր իր ելույթի հետ։
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
«Մենք գտնում ենք, որ այս մակագրությունների կարգը՝ մինչդատական վարույթների եհետ կապված, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, այսինքն դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է որևէ դատավորի և մակագրությունն իրականցնում է։ Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե խախտում է արդար դատաքննության իրավունքը, որովհետև չի ապահովում այն երաշխիքը, որ իրականում սկզբունքն այն է, որ դատավորի ընտրությունը պատահականության սկզբունքով պետք է լինի, չի կարող այնպես լինել, որ պետությունը, այս դեպքում դատարանի նախագահը որոշի, իր նախընտրած դատավորին տա»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Այժմ դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության մասին որոշում կայացնելու։ Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ, որոշումը կհրապարակվի 2-3 ժամ անց։
Հավելենք, որ երեկ՝ հունիսի 17-ին էր դեռ սկսել կալանքի միջնորդության քննությունը, սակայն ավելի ուշ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ նոր է ներգրավվել որպես պաշտպան և դատարանից պաշտպանական թիմը ժամանակ է խնդրել՝ նյութերին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: