Հունիսի 12-ին անցկացվել է հիփոթեքային արտոնյալ վարկավորման պայմաններով բնակելի տարածք ձեռք բերելու հնարավորություն ընձեռող ծրագրի շահառուների վիճակահանությունը՝ բաց տարածքում և հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիփոթեկային վարկեր, ընդ որում` վարկի մայր գումարի 10 տոկոսը ևս կփոխհատուցվի պետության կողմից;
Շնորհավորելով ծրագրի շահառուներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը գոհունակությամբ փաստել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը միտված այս ծրագրին շուտով կմիանան նաև նորերը, այդ կերպ բարձրացնելով նաև գրավչությունը զինծառայության հանդեպ;
Հավելենք, որ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, մասնակցության պայմաններին ծանոթանալու համար պայմանագրային զինծառայողները, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողները կարող են դիմել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն: