ՀՀ Պարետի N 74 որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ամենօրյա խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:
Նշենք, որ մարզերում և մայրաքաղաքում մշտադիտարկումները կատարվում են ինչպես տարբեր շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ ՀՀ ՃՈ կողմից սահմանված պահակակետերում:
Հունիսի 13-ին Կոտայքի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի ավտոմոբիլների դեպքում հաճախ կրկնվող և հիմնական խախտումն եղել է այն, որ փոխադրումը կատարվել է դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցումով։
Արձանագրված խախտումների հիմքով վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Լայնածավալ վերահսկողական աշխատանքներին զուգընթաց` տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների դեպքերով տեղում իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում թերություններն անհապաղ շտկելու և անվտանգության կանոններին խստագույնս հետևելու նպատակով:
Հավելենք, որ ՔՏՀԱ Տեսչական մարմնի կողմից ամբողջ հանրապետության տարածքում իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ և վերահսկողություն, որոնք կրելու են շարունակական բնույթ: