Չարենցավան համայնքի բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են․ մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Չարենցավան համայնքի բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են։

Նախօրեին հերթական աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էի: Փոխմարզպետի, խորհրդականիս ու համայնքի ղեկավարի հետ շրջեցինք և դիտարկեցինք բազմաբնակարան շենքերի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները:

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:

Բակերն ընտրվել են ըստ բնակիչների քանակի և ընտրված գրեթե բոլոր բակերում տասնյակ տարիներ որևէ աշխատանք չի կատարվել:

Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ /2500քմ մակերեսով/ բակային հատվածներ 2-րդ թաղամասում։

Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կազմել է 10․000քմ:Ասֆալտապատմանը զուգահեռ բակերում ընթանում են նաև ընդհանուր բարեկարգման, եզրաքարերի թարմացման և այլ աշխատանքներ:

Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև աշուն:

Մեր համայնքների զարգացմանն ուղղված ծավալուն ծրագրերի իրագործման այս փուլում ինձ համար առաջնային են որակական չափանիշները, այդ իսկ պատճառով մարզպետարանի համապատասխան մարմինների կողմից հաճախ են արվում մշտադիտարկումներ:

Մեր քաղաքացիներն արժանի են լավագույն պայմանների, և դրան այլընտրանք չկա: Հենց այս գիտակցումն է ընկած համայնքներում իրականացվող մեր բոլոր ծրագրերի հիմքում։

Ի գո՛ րծ: Էտալոնային Կոտայք ունենալու՛ ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել