Կառավարությունը ծափերով ճանապարհեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին

Կառավարության հունիսի 11-ի հերթական նիստին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին անգամ էր մասնակցում։

«Այսօր՝ նշանակումից հետո, առաջին անգամ կառավարության նիստին մասնակցում են Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը: Ողջունում ենք ձեզ, պարոնայք, և հաջողություններ ենք մաղթում: Եվ այսօրվա կառավարության նիստին իր կարգավիճակով վերջին անգամ մասնակցում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ձեր գործունեության համար: Դրանք բավական բուռն տարիներ են եղել, և այս ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, մենք խոսել ենք, Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին, դրա մասին մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա առաջարկում եմ, որ մենք ծափերով ճանապարհենք պարոն Ջավադյանին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին՝ Ազգային ժողովում, Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում է ընտրվել Մարտին Գալստյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել